1996, 1998, 2003, 2008, 2013 թթ. նախագահական ընտրություններում ՍԴ-ն այն գործիքն էր, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձևավորելու իրավունքը. վարչապետ
Դե ֆակտ ու դե յուրե Սահմանադրական դատարանը դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար: 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձևավորելու իր իրավունքը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. «ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ինքը՝ քաղաաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել, քանի որ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը»:
Վարչապետն ասաց, որ հետո ՍԴ անդամները գրքեր են գրել վերոնշյալ կոնվենցիոնալ զսպման մասին, դասախոսություններ կարդացել, պաշտպանել դոկտորոկան թեզեր, բայց այդպես էլ չեն պատասխանել հարցին՝ «բա քվեաթերթիկների լցոնումները, բա ընտրությունների եկող մեռած հոգինե՞րը, բա ընտրակաշառքնե՞րը, բա դիտորդների ծե՞ծը, բա աշխատանքից ազատվելու սպառնալիքնե՞րը, բա հեռուստաեթերի տոտալ վերահսկու՞մը»:
Ըստ Փաշինյանի՝ վերոնշյալ դաժան անպատասխան հարցերի ծանր բեռն անցյալում թողնելու, սահմանադրական իրավունքի և ՍԴ-ի պատմության նոր էջ բացելու համար նոր սահմանադրությամբ ընտրվել էր այն տրամաբանական ու հավասարակշռված մոդելը, որի մասին քաջալերանքի խոսքեր են ասել եվրոպական կառույցները: «Եկեք այդ մոդելն անվանենք երազանքի Սահմանադրական դատարան: Հենց այդպես է գրված: Իսկ արդյո՞ք մենք ունենք այդ դատարանը: Պատասխանը բացասական է»,-ասաց նա: