1991-ին պետությունները փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչել են. այն ժամանակ նշանակե՞լ է, որ ՀՀ-ն Արցախից հրաժարվում է. Փաշինյան
1991-ին, երբ անկախացել են պետությունները, փոխադարձաբար իրար տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Այս մասին օր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հանրայնացվում սահմանազատման մասին փաստաթուղթը։
Հարցի՝ արդյոք սահմանազատման առաջարկվող փաստաթղթով չի նշանակում Արցախից հրաժարում, և կարո՞ղ է նա երաշխավորել, որ գործընթացի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից օկուպացված 41 քկմ–ն կվերականգնվի, վարչապետը պատասխանեց. «1991-ին, երբ անկախացել են մեր պետությունները, փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Այն ժամանակ նշանակե՞լ է, որ ՀՀ-ն Արցախից հրաժարվում է»:
Ինչ վերաբերվում է սահմանազատմանը, ապա այն, ըստ վարչապետի, գործընթաց է, որտեղ ՀՀ–ն պետք է իր իրավունքները և շահերը, տարածքային ամբողջականությունը պաշտպանի` սա աներկբա է։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ ասելով պետք է հասկանանք կոնկրետ տարածք միլիմետրի ճշգրտությամբ` սա է մեր ինքնիշխանությունը պահպանելու անկյունաքարային ամենակարևոր երաշխիքը. մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք կոնկրետ այդ տարածքում։
Նրա խոսքով` շատ է քննարկվում, որ Գորիս–Կապան ճանապարհի մի հատված ինչ–որ քարտեզով ՀՀ տարածքում է, սակայն որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով այդ տարածքը Հայաստանի տարածքում չէ։
«Սա ոչ թե պրոադրբեջանական հայտարարություն է, այլ սրանով հաստատում ենք, որ Ադրբեջանն ագրեսոր է։ Մեզ համար պարզ է` որտեղ է ՀՀ սահմանը, և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ պարզ չէ ՀՀ տարածքը, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,–ասաց նա։