երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
100 միլիոն դրամ՝ շուրջ 10 հազար քաղաքացու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը

100 միլիոն դրամ՝ շուրջ 10 հազար քաղաքացու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը

Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 100 միլիոն դրամ. գործադիրն այսօր հաստատեց որոշման նախագիծը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հիշեցրեց դեռ փետրվարին ընդունված՝ հանրության հոգեբանական վերականգնման կարգի մասին՝ ընդգծելով, որ վերաբաշխումները պայմանավորված են այս նախագծով:

«Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը», որը համապատասխան ծառայությունը մատուցելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում»,- նշեց նախարարը:

Նա մանրամասնեց, որ Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք 100 միլիոն դրամը կտրամադրվի հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար: Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետբյուջեի միջոցներով իրականացնել 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց և հանրության՝ թվով 10 հազար շահառուի հոգեբանական վերականգնումը:

  • Կիսվել: