հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սելին Դիոնի անբուժելի հիվանդությունը. ինչու է երգչուհին չեղարկել իր եվրոպական շրջագայությունը

Սելին Դիոնի անբուժելի հիվանդությունը. ինչու է երգչուհին չեղարկել իր եվրոպական շրջագայությունը

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ իր մոտ հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել և ստիպված է չեղարկել հաջորդ տարի Եվրոպայում նախատեսված համերգները։

Instagram-ում երկրպագուներին ուղղված տեսաուղերձում 54-ամյա երգչուհին խոստովանել է, որ իր մոտ վերջերս ախտորոշվել է մկանային ձգվածության համախտանիշ՝ քիչ ուսումնասիրված պրոգրեսիվ հիվանդություն, որի ժամանակ մարմնի տարբեր մասերում սկսում են մկանային սպազմներ առաջանալ։ Սա ցավ է բերում, սահմանափակում հիվանդի շարժունակությունը և խանգարում նրան նորմալ կյանք վարել։

«Ցավոք, սպազմերն ազդում են իմ առօրյա կյանքի բոլոր ասպեկտների վրա: Դա տեղի է ունենում, երբ ես քայլում եմ կամ երբ փորձում եմ օգտագործել իմ ձայնալարերը այնպես, ինչպես սովոր եմ»,- կիսվել է երգչուհին սոցիալական ցանցում:

Ըստ ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ այդ համախտանիշը հանդիպում է միլիոնից մեկ-երկու մարդու մոտ: Իսկ այն դեպքերում, երբ հիվանդի մոտ սա ախտորոշվում է, նա և նրա ընտանիքը ավելի շատ հարցեր են ունենում, քան պատասխաններ, ասվում է համալսարանի կայքում:

Սելին Դիոնն իր կոչում բացատրել է, որ երկար ժամանակ տառապում էր ուժեղ ցավերից, և միայն վերջերս բժիշկները կարողացան հասկանալ, թե ինչն է դրանք առաջացրել։

«Ես երկար ժամանակ պայքարում էի: Եվ ինձ համար շատ դժվար էր դիմակայել այս փորձություններին և խոսել այն ամենի մասին, ինչով պետք է զբաղվեմ», – ասաց Դիոնը՝ հազիվ զսպելով իր զգացմունքները:

Փորձելով լաց չլինել՝ երգչուհին բացատրել է, որ որոշել է խոսել հենց հիմա, քանի որ բժիշկները հասկացել են, որ նրա բոլոր սպազմները պայմանավորված են հենց մկանային ձգվածության համախտանիշով։

«Ես ունեմ բժիշկների հիանալի թիմ, որն օգնում է ինձ ավելի լավ զգալ, և իմ թանկագին երեխաներին, ովքեր աջակցում են ինձ և հույս են տալիս»,- ասաց Դիոնը։

Երգչուհու խոսքով՝ ինքն ամեն օր աշխատում է սպորտային թերապևտի հետ, որպեսզի վերականգնի իր ուժերը և կրկին ելույթ ունենալու հնարավորություն ունենա։ «Բայց պետք է խոստովանեմ, որ սա շատ բարդ գործընթաց է»,- շեշտել է նա։

Երգչուհու եվրոպական շրջագայությունը պետք է սկսվեր 2023 թվականի փետրվարին, սակայն նա որոշել է չեղարկել այն, որպեսզի կենտրոնանա իր առողջության վրա։

«Հուսով եմ, որ ապաքինման ճանապարհին եմ: Ես կենտրոնացած եմ սրա վրա և ամեն ինչ անում եմ վերականգնվելու համար»,- ասել է Սելին Դիոնը:

  • Կիսվել: