հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է Ավրաամ Ռուսոյի առեւանգման եւ մահափորձի գործով նոր մեղադրյալի

Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է Ավրաամ Ռուսոյի առեւանգման եւ մահափորձի գործով նոր մեղադրյալի

Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է Թարխան Էլդուկաեւին, ով կարող է ներգրավված լինել հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առեւանգման եւ մահափորձի մեջ, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հաստատել է արտիստի փաստաբան Անդրեյ Ալեշկինը։

«Մենք ավելի վաղ ասել էինք, որ կլինեն նոր ձերբակալություններ եւ նոր մարդիկ կկանգնեն պատասխանատվության առաջ: Սա մի խոշոր գործի շարունակությունն է, որը վարում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Մենք զարմացած չենք այս ձերբակալությունից: Այս անունն ավելի վաղ լսել եմ քրեական գործով»,-ասել է փաստաբանը։

Ինչպես երեւում է ձերբակալման հրամանից, որը հասանելի է «Ռիա Նովոստի»-ում, Էլդուկաեւը ձերբակալվել է մինչեւ դեկտեմբերի 25-ը։ Պաշտպանական կողմը խնդրել է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց ընտրել։ Ամբաստանյալը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով (առեւանգում) եւ ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածով (սպանության փորձ):

Ռուսոյի խնդիրները սկսվել էին այն բանից հետո, երբ, ըստ քննիչների, Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը 2004 թվականի հունվարին Ռուսոյին խաբեությամբ հրավիրել էր մոսկովյան «Պրահա» ռեստորան, որից հետո ուղեկցել էր նրան իր գրասենյակ, որտեղ «այլ անձանց հետ միասին» բռնի ուժով ծեծի ենթարկել նրան։

Այնուհետեւ Իսմայիլովը Ռուսոյից պահանջել է չեղարկել բոլոր համերգները եւ «պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել իր հետ՝ իր պայմաններով փոփ գործունեություն ծավալելու համար»։ 

Ըստ լրատվամիջոցների՝ մինչ այս երգիչը սկսել էր համագործակցել մեկ այլ պրոդյուսերի հետ։

2004 թվականի առեւանգման գործով մյուս մեղադրյալներն արդեն դատապարտվել են: Զաուր Մարդանովը Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի որոշմամբ հեռակա կարգով ստացել է յոթ տարվա ազատազրկում, Էլյար Դամիրովը եւ Վլադիմիր Գուսակովը դատապարտվել են, համապատասխանաբար, հինգ եւ վեց տարվա ազատազրկման։ Սակայն նրանք բոլորն էլ ազատվել են պատժից՝ քրեական հետապնդման ժամկետը լրանալով պայմանավորված։

2006 թվականին Ռուսոյի դեմ մահափորձի գործով մյուս հանցակիցները՝ Ալեքսեյ Տրյասնիկովը եւ Վիտալի Ջուրան, անցյալ տարի ստացել են 12 եւ 9 տարվա ազատազրկում։

2006-ին Մոսկվայում կրակել էին արտիստի մեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել էր նրա անվտանգության աշխատակիցը, իսկ Ռուսոն մի քանի փամփուշտ էր ստացել ազդրի հատվածում, որից հետո նա երկար վերականգնման կարիք ուներ։

  • Կիսվել: