«Միսս Հայաստան 2025» ազգային մրցույթի ֆինալիստներ Աննա Հակոբյանը և Դիանա Գևորգյանը ներկայացրել են Հայաստանը Miss Tourism Universe 2025 մրցույթում
«Miss Armenia» կազմակերպության երկու մոդելները՝ Աննա Հակոբյանը և Դիանա Գևորգյանը, ներկայացրել են Հայաստանը Miss Tourism Universe 2025 մրցույթում, որը կայացել է Բեյրութում։
Դիանա Գևորգյանն ընդգրկվել է 6 լավագույն մասնակիցների շարքում, իսկ Աննա Հակոբյանը զբաղեցրել է 10-րդ տեղը՝ ներկայացնելով Հայաստանը 30 երկրների մասնակիցների կողքին։
Նշենք, որ երկու մոդելներն էլ «Միսս Հայաստան 2025» ազգային մրցույթի ֆինալիստներ են. մրցույթը կայացել էր հունիսի 10-ին՝ Երևանում, որտեղ նրանք ևս ընդգրկվել էին լավագույն տասնյակի մեջ։

Miss Tourism Universe մրցույթն ամեն տարի միավորում է տարբեր երկրների գեղեցկուհիներին՝ նպատակ ունենալով խթանել տուրիզմը, մշակույթը և միջազգային բարեկամությունը՝ արվեստի, ոճի և կանացիության միջոցով։ Ծրագրում ընդգրկված են ազգային տարազների ցուցադրություններ, երեկոյան զգեստներով ելույթներ և եզրափակիչ դեֆիլե։ Մրցույթի ամենատպավորիչ պահերից մեկը եղել է ազգային հագուստներով ելույթը, որտեղ հայ մասնակիցները ներկայացրել են ավանդական տարազներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը։

Հայ մոդելների մասնակցությունը միջազգային մրցույթին հնարավոր է դարձել «Miss Armenia» կազմակերպության և մրցույթի Հայաստանի ազգային տնօրեն Մարի Գրիգորյանի համատեղ աշխատանքի շնորհիվ։

«Նման մրցույթներին մասնակցությունը ոչ միայն բացում է նոր հնարավորություններ մոդելների համար, այլև նպաստում է Հայաստանի դրական կերպարի ամրապնդմանը՝ որպես երկրի, որը ունի ինքնատիպ մշակույթ և տաղանդավոր ներկայացուցիչներ»,-նշում է Մարի Գրիգորյանը:




