կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վերա Վասիլեւան

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վերա Վասիլեւան

98 տարեկանում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վերա Վասիլեւան, տեղեկացրել են Սատիրայի թատրոնում, որտեղ ծառայում էր դերասանուհին։

«Մեր թատրոնը մեծ վշտի մեջ է՝ մահացել է Վերա Վասիլեւան։ Մեր սիրելի Վերոչկան։ Ցավակցություններ ենք հայտնում նրա մերձավորներին, բարեկամներին եւ երկրպագուների լեգեոնին»,- չորեքշաբթի տեղեկացրել են թատրոնում։

Այստեղ նշել են, որ հրաժեշտի օրվա մասին կհայտարարվի լրացուցիչ։

Վասիլեւան ծնվել է 1925թ. սեպտեմբերի 30-ին։ 1948թ. ավարտել է Մոսկվայի Հեղափոխության թատրոնին կից քաղաքային թատերական ուսումնարանը։ Ուսանող եղած ժամանակ, 1945թ., առաջին քայլերն է արել կինոյում՝ «Երկվորյակներ» ֆիլմում էպիզոդիկ դեր կատարելով։ Առաջին մեծ դերը խաղացել է 1947թ.՝ Նաստյա Գուսենկովայի դերը «Ասք Սիբիրյան հողի մասին» ֆիլմում։ Վասիլեւան նկարահանվել է ավելի քան 40 կինոնկարներում, որոնց մեջ են «Օժիտով հարսանիքը», «Էկրանի աստղը» կինոկատակերգությունը, «Անչափահասները» դրաման, «Կառնավալ» կինոկատակերգությունը, «Ամուսնանալ կապիտանի հետ» մելոդրաման եւ այլն։

1948թ. մարտի 27-ից Մոսկվայի Սատիայի թատրոնի դերասանուհի է, որտեղ խաղացել  է ավելի քան 60 դեր, գրել է «Ինտերֆաքսը»։ 

  • Կիսվել: