հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինչպե՞ս Սնուփ Դոգը փոխարինվեց Ջենիֆեր Լոպեսով. ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

Ինչպե՞ս Սնուփ Դոգը փոխարինվեց Ջենիֆեր Լոպեսով. ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

ԿԳՄՍ նախարարության և «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագիծն իրականացնող «Դոպինգ սփեյս» կազմակերպության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «Դոպինգ սփեյս» կազմակերպությունը ներկայացրել է նոր աստղի համերգի կազմակերպման առաջարկ։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Հետեւողական քննարկումներից հետո նախարարությունը հաստատել է Ջենիֆեր Լոպեսի թեկնածությունը, որից հետո ՀՀ կառավարության այս տարվա հուլիսի 31–ի որոշմամբ, հաստատված ծրագրում կատարվել է փոփոխություն՝ «Սնուփ Դոգի» բառերը փոխարինել «Ջենիֆեր Լոպես (JLo)»  բառերով։

Համաշխարհային աստղի համերգի կազմակերպումը նպաստել է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանն ու ընդլայնմանը։ Համերգը նաև հնարավորություն էր ներկայացնելու Հայաստանը որպես ժամանակակից մշակութային կյանքի ակտիվ հարթակ՝ ցույց տալով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել աշխարհի խոշորագույն աստղերին։

Միաժամանակ միջոցառումը համահունչ է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ ռազմավարության առանցքային նպատակներին՝ նպաստելով երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ ստեղծող ու կրող երկրի դիրքի ամրապնդմանը։

Ձեր հարցմամբ պահանջվող ամբողջական տեղեկատվությունը կարող է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության եւ «Դոպինգ սփեյս» ՍՊԸ–ի միջեւ 18.08.2023 թվականին կնքված պայմանագրով և 31.07.2025 թ կնքված դիկ երկու համաձայնագրով սահմանված ժամկետում հաշվետվությունները ստանալուց եւ դրանք ամփոփելուց հետո»,–ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։

 

  • Կիսվել: