հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երկար ամանորյա արձակուրդներ վնասակար են առողջության համար

Երկար ամանորյա արձակուրդներ վնասակար են առողջության համար

Երկար ամանորյա արձակուրդներն իրականում վնասակար են առողջության համար, պնդում են Լիվերպուլի Համալսարանից հետազոտողները: Բանն այն է, որ այդ շրջանում մարդիկ ավելի քիչ են շարժվում, հիմնականում նստակյաց կենսակերպ են վարում եւ շատ պառկում, իսկ դա հանգեցնում է մկանային զանգվածի նվազմանը, որի հետեւանքով սրտի եւ թոքերի աշխատանքը դառնում է պակաս արդյունավետ:

Գիտնականների խոսքով՝ ամանորյա տոներին 2 շաբաթ տեւողությամբ հանգիստը կարող է լուրջ վտանգ հասցնել առողջությանը. ընդամենը 14 օրվա ընթացքում սովորական ֆիզիկական ակտիվության բացակայությունը բավարար է, որ մկաններն ու ոսկորները թուլանան, իսկ սրտի եւ թոքերի աշխատանքը դառնա պակաս արդյունավետ: Հետազոտողներն ուսումնասիրել են 20-60 տարեկան եւ բարձր տարիքի 46 մարդկանց առողջական վիճակը, որոնց խնդրել էին 14 օրվա ընթացքում օրական կատարել 1500-ից պակաս քայլ: Պարզվել է, որ վտանգը շատ ավելի զգալի է տարեց մարդկանց շրջանում, որոնց առողջական վիճակը շատ ավելի թույլ էր: Նրանց համար այդ երկու շաբաթն ավարտվել էր ընդհանուր վիճակի եւ ինքնազգացողության զգալի վատթարացմամբ:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ տոների ընթացքում սակավաշարժությունը նաեւ հանգեցնում է որովայնի շրջանում ճարպի կուտակմանը, ինչի հետեւանքով մարդկանց ավելորդ քաշը հաճախակի պահպանվում է բավականին երկար ժամանակ, եւ դա, իր հերթին, բարձրացնում է շաքարային դիաբետի զարգացման ռիսկը:

Ի դեպ, այդպիսի խնդիրներն առաջանում են ոչ միայն ամանորյա տոների ժամանակ, սակայն նաեւ ֆիզիկական ակտիվության բացակայության կամ պակասի դեպքում ցանկացած ժամանակ, օրինակ, եթե մարդը հիվանդանում է կամ տանից դուրս չի գալիս վատ եղանակի պատճառով:

  • Կիսվել: