շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արքայադուստր Դիանայի անձնական նամակներն աճուրդում վաճառվել են ավելի քան 190 000 դոլարով

Արքայադուստր Դիանայի անձնական նամակներն աճուրդում վաճառվել են ավելի քան 190 000 դոլարով

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի անձնական նամակները աճուրդում վաճառվել են 161 հազար ֆունտ ստերլինգով ( շուրջ 194 000 դոլար ), հայտնում է Royal Central պորտալը:

«Դիանա․ արքայադստեր անձնական նամակագրությունը» խորագրով աճուրդում վաճառքի էր հանվել 32 նամակ, որոնցից յուրաքանչյուրը վաճառվել է առանձին։ Նամակները Ուելսի արքայադուստրը գրել էր իր ընկերներ Սյուզիին և Թարիք Քասեմին։ Ընկերների միջև նամակագրական կապն սկսվել է Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավոր Չարլզ III-ի հետ բաժանումից երեք տարի առաջ և ավարտվել է նրանց ամուսնալուծությունից անմիջապես հետո։ Բոլոր նամակները գրվել են արքայադուստր Դիանայի գրասենյակում՝ Քենսինգթոնյան պալատում։

Նամակներից մեկում, որը վաճառվել է 28 հազար ֆունտ ստերլինգով, արքայադուստր Դիանան պատմում էր այն սթրեսի մասին, որն ապրում էր ամուսնալուծության պատճառով։

«Եթե ես մեկ տարի առաջ իմանայի, որ պետք է անցնեմ այս ամուսնալուծության միջով, երբեք չէի համաձայնի դրան։ Դա սարսափելի է և զզվելի», - գրել էր նա:

Նշվում է, որ գնորդներից մեկը 15 հազար ֆունտ ստերլինգ է վճարել մի երկտողի համար, որում նա ներողություն էր խնդրում ամուսնալուծության պատճառով մտահոգությունների հետևանքով օպերա չգնալու համար։

Ամուսնալուծությունից հետո գրված նամակներից մեկում, սակայն, Դիանան խոստովանել է, որ երջանիկ է ազատություն ստանալու համար։ Այս նամակը վաճառվել է 3800 ֆունտ ստերլինգով։

«Ավելի քան երջանիկ եմ ազատություն ստանալու և գիտակցելու համար, որ երկրորդ հնարավորություն եմ ստացել։ Ես բազմաթիվ հաճելի զբաղմունքներ ունեմ ու դա զվարճալի է։ Ո՜վ կարող էր մտածել», - գրել էր Դիանան։

Աճուրդում ներկայացված նամակներից ամենաթանկարժեքը, սակայն, ընկերուհուն՝ Սյուզիին ուղղված նամակն էր։ 1996 թվականի վերջին գրված նամակում Դիանան շնորհակալություն էր հայտնել ընկերուհուն Սուրբ Ծննդյան կապակցությամբ ուղարկված ծաղկեփնջի համար և խոստովանել, որ չի սիրում այդ տոնը։

«Հուսով եմ՝ 1997 թվականը բոլորիս համար ավելի թեթև տարի կլինի»,- գրել էր նա։

31 հազար ֆունտ ստերլինգով վաճառված այս նամակը գրվել է արքայադուստր Դիանայի ողբերգական մահից ամիսներ առաջ։ Նա զոհվել է 1997 թվականի օգոստոսին ավտովթարից։

  • Կիսվել: