շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արաքսյա Կարապետյանն ու Արա Զադան ամերիկյան եթերում սովորեցնում են հայկական լավաշով բրդուճ պատրաստել

Արաքսյա Կարապետյանն ու Արա Զադան ամերիկյան եթերում սովորեցնում են հայկական լավաշով բրդուճ պատրաստել

Ամերիակահայ հեռուստալրագրող Արաքսյա Կարապետյանն ու ազգությամբ հայ խոհարար Արա Զադան ամերիկյան FOX 11 հեռուստաալիքի  Good Day LA հաղորդման շրջանակում հեռուստաընկերության անձնակազմի հետ միասին հայկական ամենատարածված նախաճաշն են պատրաստել։ Սեղանին դրված լավաշով, թել-պանրով ու կանաչիով Արաքսյան ու Արան բրդուճներ են փաթաթել՝ ցուցադրելով, թե ինչպես են, սովորաբար, նախաճաշում հայերը։

«Սա յուրաքանչյուր հայկական օջախում շատ սովորական բան է։ Վերցնում ենք լավաշը, կիսում ենք այն, վերցնում ենք ցանկացած պանիր, օրինակ՝ հայկական թել-պանիրը, այնուհետեւ հավելում ցանկացած տեսակի կանաչիով։ Հայկական սեղաններին միշտ կտեսնեք խառը կանաչի։ Այս ամենի համադրությունը կատարյալ նախուտեստ է դառնում»,-եթերում պատմել է Արան։

Տեսանյութով ինստագրամյան իր էջում կիսվել է Արաքսյա Կարապետյանը։ «Մշակույթը ճանաչելու լավագույն միջոցներից մեկը խոհանոցն է։ Կերակուրը միշտ մտերմացնում է մարդկանց։ Մեծ սիրով եմ կիսվում մեր մշակույթի, սովորույթների եւ ուտելիքի մասին իմ գործընկերների, ընկերների եւ հեռուստադիտողների հետ»,-գրել է «Էմմիի» դափնեկիր հաղորդավարուհին, որին երեկ անդրադարձել էինք նաեւ մեր «20 փաստ հայտնիների մասին» խորագրում։ 

Հաղորդման ամերիկյան կազմը, որոնք հետեւում էին Արայի ու Արաքսյայի ցուցումներին, իհարկե, գոհ մնացին հայկական նախուտեստից։ «Սա, իսկապես, շատ թարմ է»,-հաստատեցին նրանք։

  • Կիսվել: