ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
9 հայ՝ Forbes–ի 2023 թ․ միլիարդատերերի ցուցակում

9 հայ՝ Forbes–ի 2023 թ․ միլիարդատերերի ցուցակում

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2023թ.-ի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր: 2023թ.-ի Forbes-ի ցուցակում առաջին անգամ նշվել է Հայաստանը՝ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի փոխարեն արդեն ՀՀ ներկայացուցիչ է։ Նշենք նաև, որ զգալիորեն աճել են մեր որոշ ռուսաստանաբնակ հայրենակիցների կարողությունները։ 

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար, 2022թ.-ի համեմատ այն նվազել է 0.3 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 905-րդ հորիզոնականը։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2023թ․-ի ցուցակի 1,104-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 2.7 մլրդ դոլար: 2022թ. համեմատ արձանագրվել է աճ 1.6 մլրդ դոլարով։

Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.2 մլրդ դոլար, նա ցուցակի 1,368-րդ հորիզոնականում է։ 2022թ.-ի համեմատ այն աճել է 1.2 մլրդ դոլարով։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 2.1 մլրդ դոլար՝ 1,434-րդ հորիզոնական։ 2022թ. համեմատ արձանագրվել է անկում 1 մլրդ դոլարով։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2 մլրդ դոլար է, 2022թ. համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։ Նա ցուցակի 1,516-րդ հորիզոնականում է։

Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,575-րդ հորիզոնականում է, 2022թ. համեմատ նրա կարողությունն աճել է 0.4 մլրդ դոլարով և կազմել 1.9 մլրդ դոլար։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.6 մլրդ դոլար է, նա ցուցակի 1,804-րդ հորիզոնականում է։ 2022թ. համեմատ Աֆեյանի կարողությունը նվազել է 0.1 մլրդ դոլարով։

Քիմ Քարդաշյանի կարողությունը նվազել է 0.6 մլրդ դոլարով և կազմել 1.2 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2,259-րդ հորիզոնականում է։

Ռուբեն Վարդանյանի կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով և կազմել 1.2 մլրդ դոլար, նա նույնպես ցուցակի 2,259-րդ հորիզոնականում է։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 42 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 90 տարեկան։

  • Կիսվել: