հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ուկրաինան երբեք սպառնալիք չի եղել և չի լինի Ռուսաստանին. Զելենսկին դիմել է ռուսաստանցիներին

Ուկրաինան երբեք սպառնալիք չի եղել և չի լինի Ռուսաստանին. Զելենսկին դիմել է ռուսաստանցիներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների լսել Ուկրաինային, նրա խաղաղ ապրելու ցանկությունը եւ վստահեցրել, որ Ուկրաինան երբեք սպառնալիք չի եղել եւ չի լինի Ռուսաստանի համար: Այս մասին նա հայտարարել է ռուսերենով իր հեռուստաուղերձում, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

«Այսօր ես ուզում եմ դիմել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին: Ոչ որպես նախագահ: Ես դիմում եմ ՌԴ քաղաքացիներին որպես Ուկրաինայի քաղաքացի: Մեզ իրարից բաժանում է ավելի քան 2 հազար կմ ընդհանուր սահմանը: Այսօր այդ սահմանի երկայնքով կանգնած են ձեր զորքերը, շուրջ 200 հազար զինվոր, հազարավոր ռազմական մեքենաներ: Ձեր ղեկավարությունը հավանություն է տվել, որ նրանք առաջ գնան ուրիշ երկրի տարածքում: Այդ քայլը կարող է լինել մեծ պատերազմի սկիզբը եվրոպական մայրցամաքում»,-ասել է Զելենսկին:

Նա ընդգծել է, որ այն, ինչ կարող է տեղի ունենալ այսօր կամ վաղը, խոսում է ամբողջ աշխարհը, պատճառը կարող է ծագել ցանկացած պահի, ցանկացած սադրանք՝, ցանկացած բռնկում կարող է կրակի մատնել ամեն ինչ:

«Ձեզ ասում են, որ այդ կրակը ազատություն կբերի Ուկրաինայի ժողովրդին, բայց ուկրաինցի ժողովուրդը ազատ ժողովուրդ է: Նա հիշում է իր անցյալը եւ ինքն է կառուցում իր ապագան: Կառուցում է, ոչ թե ավերում, ինչպես պատմում են ձեզ ամեն օր հեռուստատեսությամբ: Ուկրաինան ձեր նորություններում եւ Ուկրաինան իրական կյանքում երկու բոլորովին տարբեր երկրներ են: Եվ նրանց գլխավոր տարբերությունն այն է, որ մերը իրական է»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաեւ հիշեցրել է, որ ռուսներն ասում են, որ ուկրաինացիները նացիստներ են, ապա հարց տվել. «Միթե կարող է նացիզմը պաշտպանել մի ժողովուրդ, որը նացիզմի դեմ հաղթանակի համար տվել է ավելի քան 8 մլն կյանքեր, եւ ինչպես կարող է նացիստ լինել ինքն անձամբ, ում պապը անցել է ողջ պատերազմը խորհրդային բանակի հետեւակում եւ մահացել որպես անկախ Ուկրաինայի գնդապետ:

 

Նա հիշեցրել, է, որ ՌԴ-ում ասում են, որ ուկրաինացիներն, իբր, ատում են ռուսական մշակույթը, «բայց ինչպե՞ս կարելի է ատել որեւէ մշակույթ, չէ՞ որ հարեւանները միշտ հարստացնում են միմյանց մշակույթով, բայց դա իրենց չի դարձնում մեկ ամբողջություն»:

«Մենք տարբեր ենք, բայց դա առիթ չէ լինելու թշնամիներ: Մենք ուզում ենք որոշել ու կառուցել մեր պատմությունը, խաղաղ, հանգիստ, ազնիվ»,-ասել է Զելենսկին:

Նա նաեւ արձագանքել է նրան, որ Ռուսաստանը տարածում է տեղեկատվություն, թե իբր ինքը հրաման է տալու հարձակվել Դոնբասի վրա, կրակել ու ռմբակոծել առանց հարցերի. «Թեեւ հարցեր կան եւ շատ պարզ հարցեր. Կրակել ո՞ւմ վրա, ռմբակոծել ի՞նչը: Դոնեցկը, որտեղ ես եղել են տասնյակ անգա՞մ, տեսել եմ մարդկանց դեմքերն ու աչքե՞րը: Արտեմի փողոցը, որտեղ ես զբոսնել եմ ընկերներիս հետ: Դոնբաս Արենան, որտեղ տեղի բնակիչների հետ Եվրոյի առաջնությանը երկրպագել եմ մեր ուրկաինացի տղաների համա՞ր: Շչերբակովի այգի՞ն, որտեղ մենք խմել ենք, երբ մեր տղաները պարտվել էին: Լուգա՞նսկը: Տունը, որտեղ ապրում է իմ լավագույն ընկերոջ մա՞յրը: Վայրը, որտեղ թաղված է իմ լավագույն ընկերոջ հա՞յրը: Տեսեք, ես հիմա խոսում եմ ռուսերենով, բայց ոչ ոք Ռուսաստանում չի հասկանում, թե ինչի մասին են այդ փողոցները, ազգանունները, իրադարձությունները, այդ բոլորը ձեզ համար օտար է, անծանոթ: Դա մեր հողն է, մեր պատմությունը: Դուք ինչի՞ համար եք պատերազմելու, եւ ո՞ւմ հետ»,-հայտարարել է Զելենսկին:

  • Կիսվել: