Զախարովան հայտնել է, որ ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը կհրավիրի Սև և Բալթիկ ծովերում տեղի ունեցած ահաբեկչություններին
Ռուսաստանը համաշխարհային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ուշադրությունը կհրավիրի Սև և Բալթիկ ծովերում ռուսական կողմի դեմ իրականացվող մի շարք ահաբեկչություններին։ Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Իր տելեգրամյան ալիքում նա, մասնավորապես, գրել է. «Ռուսական կողմը մտադիր է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Սև և Բալթիկ ծովերում Ռուսաստանի Դաշնության դեմ իրականացված մի շարք ահաբեկչությունների վրա, այդ թվում՝ դրանցում Մեծ Բրիտանիայի ներգրավվածության»:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սևաստոպոլի վրա հարձակման նախապատրաստումն իրականացվել է Օչակով (Ուկրաինա, Նիկոլաևի շրջան) քաղաքում տեղակայված բրիտանացի մասնագետների ղեկավարությամբ: Նրա խոսքով՝ հարձակմանը մասնակցել են ինը անօդաչու թռչող սարքեր և յոթ ծովային անօդաչու թռչող սարքեր, որոնք տապալվել են։
Ըստ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի՝ առավոտյան հարձակման ժամանակ Կիևի նպատակը եղել է Սևծովյան նավատորմի ռազմական օբյեկտները։ Նա պարզաբանել է, որ զոհեր և վիրավորներ չկան։
Նախօրեին՝ հոկտեմբերի 28-ին, Սևաստոպոլում Ռազմական խորհրդի նիստից հետո որոշվել էր ուժեղացնել Սևծովյան նավատորմի կողմից Ղրիմում դիվերսանտներին հակազդելու միջոցները։


