շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Զախարովան հարկ չի համարում արձագանքել ՄԱԿ ԱԽ-ից Ռուսաստանին բացառելու Կիևի կոչին

Զախարովան հարկ չի համարում արձագանքել ՄԱԿ ԱԽ-ից Ռուսաստանին բացառելու Կիևի կոչին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հարկավոր չէ որևէ կերպ արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի Դաշնությանը բացառելու՝ պաշտոնական Կիևի կոչին:

«Ոչինչ մի արեք: Սա հենց այն դեպքն է, երբ շունը հաչում է, իսկ քարավանը՝ գնում», - այսօր ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Մոսկվան արձագանքի Ուկրաինայի արտգործնախարարության համապատասխան հայտարարությանը։

Դեկտեմբերի 20-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պաշտոնական քայլեր է նախապատրաստում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությունից զրկելու համար։ Սակայն նա խոստովանել է, որ նման գործընթաց սկսելը հեշտ չի լինի։

Այն, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող դուրս մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, բազմիցս հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ԱՄՆ-ը նույնպես կարծում է, որ ՄԱԿ-ի կանոնները փոխել ոչ մի կերպ հնարավոր չէ Ռուսաստանին Անվտանգության խորհրդի անդամությունից զրկելու համար։ Այս մասին երկու շաբաթ առաջ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։

  • Կիսվել: