Ընտրությունը ՌԴ ժողովրդինն է. Պուտինը մտածում է, թե ով կլինի իր իրավահաջորդը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անընդհատ մտածում է իր իրավահաջորդի մասին «Ռոսիա 1» (ВГТРК) հեռուստաալիքի «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» վավերագրական ֆիլմում պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտածու՞մ է նրա մասին, թե ով ապագայում կղեկավարի երկիրը, ասել է ինքը՝ Պուտինը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Ես միշտ դրա մասին եմ մտածում, բայց վերջնարդյունքում ընտրությունը մարդկանցն է, Ռուսաստանի ժողովրդինը, քաղաքացիներինը, ընտրողներինը»,-նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև համաձայնել է այն պնդմանը, որ ինքն անընդհատ նայում և գնահատում է յուրաքանչյուր հնարավոր թեկնածուի ներուժը։
Նա նշել է, որ «լուրջ բան անելու շանսեր դժվար թե ունենա այն մարդը, որի հետևում չկա ժողովրդի վստահությունը»։
«Որպեսզի երկիրը կայուն լինի, որպեսզի լինեն պայմաններ, որոնք կապահովեին նրա զարգացումը, անվտանգությունը, պետք է մեկ շատ կարևոր պայման՝ մարդկանց վստահությունը երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ։ Բայց որպեսզի հասնենք այդ վստահությանը, պետք է, իհարկե, արդյունավետ և ազնվորեն աշխատել, բարելավել մեր քաղաքացիների վիճակը»:
Պուտինը նաև հայտարարել է, որ ավելի լավ կլիներ, որ ինքն ունենար մի քանի իրավահաջորդ, որպեսզի ռուսաստանցիներն ընտրություն ունենային։
«Ես մտածում եմ այն մասին, որ պետք է հայտնվի մի մարդ, իսկ ավելի լավ է՝ մի քանի մարդ, որպեսզի մարդիկ ընտրություն ունենան, ովքեր կկարողանային հասնել երկրի քաղաքացիների կողմից այդ վստահությանը»,-նշել է նա: