Վրաստանում սկսվել է մարդահամարը
Վրաստանի բարձրլեռնային շրջաններում սկսվել է մարդահամարը։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության ղեկավար Գոգիդա Թոդրաձեն։
«Մարդահամարը ողջ երկրի մասշտաբով նախատեսված է նոյեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 19-ը, բայց որոշ բարձրլեռնային եւ դժվարհասանելի բնակավայրերում եղանակի հնարավոր վատացման պատճառով մարդահամարն իրականացվում է սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը»,- ասել է Թոդրաձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ մարդահամարն անցկացվում է մի շարք վայրերում՝ Մեստիայում, Լենտեխիում, Կազբեգիում, ինչպես նաեւ Դուշեթիի բնակավայրերում եւ Ահմեթի շրջանի Օմալո գյուղում։ Այդտեղ ապրում է երկրի բնակչության մոտ 0,5 տոկոսը։ Գերատեսչության աշխատակիցները հարցազրույցներ են վերցնում շրջանների բնակիչներից՝ մտնելով նրանց բնակարաններն ու տները։ Տեղեկությունը հավաքվում է էլեկտրոնային պլանշետների օգնությամբ։ Ինչպես նշել է Թոդրաձեն, մարդահամարն առաջին անգամ անցկացվում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ։
Վիճակագրության ծառայության ղեկավարի խոսքով՝ մարդահամարը կընդգրկի ոչ միայն Վրաստանի քաղաքացիներին, այլեւ օտարերկրացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց։ Մարդահամարի հիմնական մասի առաջին 10 օրերին, որը կսկսվի նոյեմբերի 14-ին, քաղաքացիները հնարավորություն կունենան ինքնուրույն իրենց տվյալները մտցնել վիճակագրության ծառայության կայքում։ Այն քաղաքացիների մոտ, ովքեր չեն ցանկանա կամ չեն կարողանա ինքնուրույն լրացնել էլեկտրոնային հարցարանները, կգան ծառայության աշխատակիցները՝ տեղեկություն հավաքելու համար։
Բացի Վրաստանում ապրող քաղաքացիների մասին տեղեկության հավաքումից՝ 2024թ. մարդահամարը կներառի նաեւ տվյալներ գյուղատնտեսական գործունեության մասին։ Ինչպես նշել է Թոդրաձեն, մարդահամարի ժամանակ քաղաքացիներին կհարցնեն նաեւ նրանց սեփական գյուղտնտհողերի մակերեսի եւ նշանակության, աճեցվող խաղողի տեսակների, եղջերավոր անասունների, թռչունների գլխաքանակի եւ այլնի մասին։ Առաջին տվյալները կհրապարակվեն մարդահամարի ավարտից կես տարի հետո, այսինքն՝ 2025թ. հունիսին։ Հաջորդ ամիսներին գերատեսչությունը կտարածի ավելի հանգամանալից տեղեկություն։
Մարդահամարը Վրաստանում իրականացվում է 10 տարին մեկ։ 2014թ. տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3,7 մլն մարդ։