Վրաստանի ԿԸՀ նախագահի դեմքին սև հեղուկ են լցրել
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվել են հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, վիճաբանությամբ է սկսվել։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը դադարեցվել է։
Կիրթաձեին դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ ԿԸՀ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։
ԿԸՀ նիստին զուգընթաց, բողոքի ակցիա է տեղի ունեցել դրսում։ Հավաքվածները պահանջել են չամփոփել հոկտեմբերի 26-ի ընտրությունները, քանի որ դրանք համարում են կեղծված։
Այնուամենայնիվ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը: