շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանի համար ԱՄՆ-ից ուժեղ աջակից չկա. Դաննիգան

Վրաստանի համար ԱՄՆ-ից ուժեղ աջակից չկա. Դաննիգան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը խորհրդարան կատարած այցի ժամանակ ասել է, որ Վրաստանի անկախությունից հետո ոչ մի երկիր ավելի ուժեղ աջակից և բարեկամ չի եղել Վրաստանին, որքան Ամերիկայի Միացյալ Նահանգները, գրում է aliq.ge-ն:

Այս համատեքստում դեսպանը նշել է ավելի քան 6 միլիարդ դոլարի օգնությունը, որը տրամադրվել է վերջին 32 տարիների ընթացքում, թեև նշել է նաև, որ «այդ թիվը չի ներկայացնում մեր բարեկամության պատմությունը և այն օգուտները, որ մեր գործընկերությունը բերել է երկու երկրներին»։

«Ես ապշել եմ վրացիների քանակով, որոնց հետ հանդիպել եմ, որոնց կյանքը փոխվել է մեր հատուկ բարեկամության պատճառով: Իմ այստեղ գտնվելու ընթացքում ես հանդիպել եմ զինվորների, առափնյա պահակախմբի և առաջին արձագանքողների, որոնք պատրաստված և զինված են Միացյալ Նահանգների հետ: Հանդիպեցի համալսարանի դասախոսների, ուսուցիչների և ուսանողների, որոնք ինձ ասացին, որ ամերիկացիների հետ իրենց գործընկերությունն ու հարաբերությունները փոխեցին իրենց կյանքը: Ես հանդիպեցի ֆերմերների և փոքր բիզնեսի սեփականատերերի, որոնք ինձ ասացին, որ ԱՄՆ-ից ստացած ֆինանսավորումն ու աջակցությունն օգնել են, որ գոյատևի իրենց բիզնեսը: ԱՄՆ-ի աջակցությունը նաև նպաստեց Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը պաշտպանության ոլորտում»,- վրաստանյան accentnews-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը:

Դեսպանը նշել է, որ ամերիկյան ֆինանսավորումը «օգնեց կառուցել և վերազինել Վրաստանի սահմանային կետերի մեծ մասը: Բացառությամբ երկուսի, որքան ես գիտեմ: Այս աջակցությունն օգնեց ստեղծել, պատրաստել և զինել Վրաստանի առափնյա պահպանությունը ծովային սահմանը պարեկելու համար: 1600 վրացիներ էին, ԱՄՆ-ում ռազմական ուսուցման շահառուները: Մենք Վրաստանին մատակարարել ենք ՆԱՏՕ-ի հետ համատեղելի սպառազինություն և միասին մասնակցել ենք բազմազգ զորավարժություններին, այդ թվում այստեղ՝ Վրաստանում»:

Առաջնահերթ ուղղություններից դեսպանը նշել է պաշտպանական առումով Վրաստանին օգնությունը, այդ թվում՝ հետագա ագրեսիան կանխելու համար, և ընդգծել է, որ ռազմական գործընկերությունն «իրոք Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության հենասյունն է».

«Մեր զինվորները միասին վարժվեցին, միասին կռվեցին, և արդյունքում նրանք ձևավորեցին խոր և երկարատև կապեր: Նրանք միասին նպաստեցին Վրաստանի ռազմական ուժերի համատեղելիությանը ՆԱՏՕ-ի հետ: Նրանք միասին լավագույն փորձ ձեռք բերեցին: Ինչպես նշեցին Վրաստան այցելած գեներալները` այս գործընկերությունը ոչ միայն ամրապնդեց վրացական ռազմական ուժերը, այլ նաև ուժեղացրեց մերը»,- ասել է դեսպանը և շնորհակալություն հայտնել Վրաստանի պաշտպանության ուժերին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Մի քանի օր առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն համեմատել է Չինաստանի և ԱՄՆ-ի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ՝ ընդգծելով Չինաստանի հետաքրքրության աճը և ԱՄՆ-ի հետաքրքրության նվազումը։

  • Կիսվել: