երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վատիկանը պատրաստ է նպաստել երկխոսությանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ

Վատիկանը պատրաստ է նպաստել երկխոսությանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ

Վատիկանը պատրաստ է օգնել Ռուսաստանին եւ Ուկրաինային գնալ երկխոսության ճանապարհով: Այս մասին երկուշաբթի օրը La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է քաղաք-պետության պետքարտուղար (կառավարության ղեկավար), կարդինալ Պիետրո Պարոլինը։

«Ես համոզված եմ, որ բանակցությունների համար դեռ հնարավորություն կա։ Երբեք ուշ չէ, քանի որ տարաձայնությունները լուծելու միակ ողջամիտ եւ կառուցողական ճանապարհը երկխոսությունն է, ինչպես չի դադարում կրկնել Ֆրանցիսկոս պապը,- ասել է նա։- Սուրբ Աթոռը, որը  վերջին տարիներին մեծ ուշադրությամբ հետեւել է ուկրաինական իրադարձություններին՝ հայտնելով Ռուսաստանի հետ երկխոսությունը խթանելու իր պատրաստակամության մասին, միշտ պատրաստ է օգնել կողմերին նորից կանգնել այդ [երկխոսության] ուղու վրա»։

Կարդինալը նշել է, որ «անհրաժեշտ է խոսել՝ բոլոր պատճառները մինչեւ վերջ պարզելու եւ հասկանալու համար»։ «Երբ դադարում են խոսել եւ լսել, սկսում են կասկածանքով նայել եւ մեղադրել միմյանց։ Վերջին տարիների իրադարձությունները, հատկապես՝ վերջին շաբաթներին, առանձնանում են փոխադարձ խուլությամբ, ինչն էլ բաց կոնֆլիկտի հանգեցրեց։ Ցանկացած երկրի ակնկալիքներն ու իրավունքները պետք է ընդհանուր մտորումների առարկա լինեն՝ հաշվի առնելով քաղաքացիների ընտրությունը եւ հարգելով միջազգային իրավունքը։ Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, որոնք հաստատում են, որ դա հնարավոր է»,- ասել է Պարոլինը:

Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Ֆրանցիսկոսը կոչ է արել մարտի 2-ին ծոմապահության ու աղոթքի միջոցով համերաշխություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին եւ պատերազմի դադարեցմանը։ Ուրբաթ օպոնտիֆիկոսը, խախտելով բոլոր արձանագրային ընթացակարգերը, անձամբ ոտքով գնացել էր Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն։ Ինչպես պատմել է Վատիկանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեեւը, «Ֆրանցւսկոսը ցանկանում էր անձամբ հարցուփորձ անել Դոնբասում եւ Ուկրաինայում տեղի ունեցողի մասին»։

 

  • Կիսվել: