երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վաշինգտոնի և Անկարայի միջև F-35-երի վերաբերյալ բանակցությունները «պրոֆեսիոնալ» էին. Պենտագոն

Վաշինգտոնի և Անկարայի միջև F-35-երի վերաբերյալ բանակցությունները «պրոֆեսիոնալ» էին. Պենտագոն

ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունները F-35 կործանիչների արտադրության ծրագրից Անկարայի դուրսբերման վերաբերյալ «պրոֆեսիոնալ էին», Վաշինգտոնը ցանկանում է շարունակել ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:

«Հոկտեմբերի վերջին թուրքական կողմի հետ մենք քննարկումներ ենք ունեցել այդ հարցի վերաբերյալ: Դրանք շատ արդյունավետ խորհրդակցություններ էին։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր կարևոր դաշնակիցն է, որի հետ մենք շատ ընդհանուր շահեր ունենք և ցանկանում ենք այսուհետ ևս վստահ լինել, որ դաշինքի շրջանակներում կկարողանանք շարունակել աշխատել Թուրքիայի հետ անվտանգության ոլորտում ընդհանուր շահերի ուղղությամբ»,- ընդգծել է Քիրբին:

Նա հավելել է, որ Անկարայի դուրսբերումը F-35-երի արտադրության ծրագրից չի նշանակում, որ «ԱՄՆ-ը չի շարունակելու երկկողմ մակարդակում Թուրքիայի հետ սերտ համագործակցության ուղիներ փնտրել»:

Կողմերի միջև հաջորդ քննարկումները տեղի կունենան առաջիկա ամիսներին՝ Վաշինգտոնում:

ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային հանձնել արդեն իսկ նրա գնած, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռները, ինչպես նաև դադարեցվել էր ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների վերապատրաստումը։

  • Կիսվել: