երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայում զոհվել է առնվազն 46 հազար 677 ռուսաստանցի զինծառայող. զեկույց

Ուկրաինայում զոհվել է առնվազն 46 հազար 677 ռուսաստանցի զինծառայող. զեկույց

2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է առնվազն 46 հազար 678 ռուսաստանցի զինծառայող: Այս մասին ասված է BBC բրիտանական հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության, «Մեդիազոնա» հրատարակության և կամավոր-հետաքննողների համատեղ կազմած նոր զեկույցում:

Նշվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հաստատվել է ևս 1555 մարդու մահ, ինչը պատերազմի բոլոր ամիսների ընթացքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Խոսքը բաց աղբյուրներում հրապարակված անուն-ազգանուններով և հուղարկավորության վայրով հաստատված մահերի մասին է: Վերլուծողների պնդմամբ, զոհվածների իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ զինվորականների մահվան մասին տեղեկությունները հաճախ ուշացումով են հասնում հարազատներին, և գրանցած կորուստների աճը մասամբ բացատրվում է Ավդեևկայի շուրջ մարտերի հետևանքներով:

Կան նաև զոհերի մասին ավելի ուշ հաստատված տվյալներ, որոնք ստացվել են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռուսական ուժերի վարած գործողություններից հետո:

  • Կիսվել: