ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայում պատերազմից հետո անհրաժեշտ կլինի կառուցել նոր աշխարհակարգ. Թուրքիայի նախագահի խոսնակ

Ուկրաինայում պատերազմից հետո անհրաժեշտ կլինի կառուցել նոր աշխարհակարգ. Թուրքիայի նախագահի խոսնակ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու համար, այդ թվում՝ հանդիպում կազմակերպելու առաջարկ անելով երկու երկրների նախագահներին:

Քալընի խոսքով՝ Էրդողանի առաջարկին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դրական է արձագանքել, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կողմերի տեսակետները  բավականաչափ մոտ չեն, և երկրների ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու համար դեռ պետք է սպասել պատվիրակությունների աշխատանքի ավարտին:

Թուրքիայի նախագահի խոսնակը նշել է, որ Բելառուսում անցկացվող հանդիպումներին հիմնականում քննարկվում են տեխնիկական հարցեր: Քալընի համոզմամբ՝ Պուտին-Զելենսկի հանդիպումն առանցքային է հիմնարար հարցերում լուծումներ գտնելու համար: Նրա գնահատմամբ՝ հանդիպման կազմակերպման դեպքում ընդունվելիք որոշումները կկանխորոշեն առաջիկա 10 տարիների ընթացքը:

«Երբ այս պատերազմն ավարտվի, անհրաժեշտ կլինի կառուցել նոր աշխարհակարգ: Այս անվտանգային ճարտարապետությունը ձևավորելիս այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի դերն ու տեղը, Արևմտյան դաշինքի հետ հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կդառնան քննարկման հիմնական թեմաները»,- ասել է Քալընը:

  • Կիսվել: