երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ

Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ

Սպիտակ տանը մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահն անդրադարձել է Ուկրաինային: Նրա խոսքով՝ կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են:

«Նախագահ Պուտինը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, վստահեցնում եմ։ Լավ զրույց ենք ունեցել նախագահ Զելենսկու հետ, նա նույնպես ցանկանում է, որ այս ամենն ավարտվի։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կքննարկենք այդ հարցը»,- հավելել է Դոնալդ Թրամփը:

Նա հայտնել է, որ իր տեղեկությամբ՝ զոհերի թիվն աճում է, մեկ ամսում զոհվել է 36000 մարդ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ մարտի դաշտում այժմ վճռորոշ դեր ունեն ԱԹՍ-ները:

Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշվելու է երկնքում:

«Երբ ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր անօդաչու թռչող սարքեր թռչեն դեպի Մոսկվա, Պուտինն ամեն ինչ կհասկանա»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերին հաջողվում է պահել ռազմաճակատը և ճնշել Ռուսաստանին ծովում, իսկ առաջնագիծը դարձել է երկինքը, և օդում Ուկրանան շատ ավելի մրցունակ է: Միևնույն ժամանակ, Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ հակաօդային պաշտպանության խնդիր ունեն:

Ռուսաստանի նախագահի օգնականն էլ տեղեկացրել է, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները շուտով կմեկնեն Մոսկվա։ Ըստ Յուրի Ուշակովի՝ Թրամփը պատրաստ է ազդել Արևմուտքի և Կիևի վրա՝ հակամարտությունը լուծելու համար:

Դիվանագիտական ջանքերին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 452 ԱԹՍ խոցելու մասին: Թիրախում են եղել Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Մոսկվայի և այլ մարզեր, Ղրիմը: Բելգորոդում հայտնի է տուժածների մասին: Նաև տեղեկություններ կան, որ հարված է հասցվել «Գազպրոմի» մասնաճյուղերից մեկին:

  • Կիսվել: