հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինային 20 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու ԵՄ պլանը հանդիպել է դիմադրության. ԶԼՄ

Ուկրաինային 20 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու ԵՄ պլանը հանդիպել է դիմադրության. ԶԼՄ

Ուկրաինային 20 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրելու Եվրամիության պլանը հանդիպել է դիմադրության եւ կարող է չկայանալ ներկա տեսքով, գրել է Reuters-ը։

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հուլիսին առաջարկած պլանը նախատեսում էր ամենամյա 5 մլրդ եվրոյի ֆոնդի ստեղծում չորս տարվա ընթացքում, Ուկրաինային աջակցելու համար։

Բայց այժմ, երբ ԵՄ երկրների պաշտպանության նախարարները պատրաստվում են քննարկել այդ առաջարկը, շատ երկրներ, այդ թվում Գերմանիան, կասկածներ են հայտնում այդ գումարի հատկացման նպատակահարմարության առիթով։

Ուկրաինայում 2022թ. պատերազմն սկսվելու պահից ԵՄ երկրները Ուկրաինային արդեն ցուցաբերել են մոտ 25 մլրդ եվրոյի ռազմական օգնություն՝ սպառազինություն եւ տեխնիկա տրամադրելով։ Բորելի առաջարկը ուղղված էր ֆինանսավորման կայուն մեխանիզմի ստեղծմանը ավելի մեծ՝ Խաղաղության եվրոպական ֆոնդում (որը ԵՄ անդամներին փոխհատուցում է այլ երկրներին ցուցաբերած ռազմական օգնության ծախսերը) այն միջոցների ներառմամբ, որոնք նախատեսված կլինեին Ուկրաինային օգնելու համար։

Չնայած այդ պլանի ընթացիկ կարգավիճակը անորոշ է, ԵՄ բարձրաստիճան դիվանագետները ենթադրում են, որ դրանում կարող են բարելավումներ մտցվել, որպեսզի անդամ երկրները չանհանգստանան, մանավանդ պահանջվող զգալի ֆինանսական պարտավորությունների հարցում։ Գերմանիան, մասնավորապես, ընդգծում է հետագա պարզաբանումների անհրաժեշտությունը, նշել է գործակալությունը։

ԵՄ-ն խնդիրների է հանդիպել նաեւ Ուկրաինային տնտեսական օգնություն ցուցաբերելու հարցում։ Ներկայում ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու հարցը։ Սակայն Կիեւին 1 մլն հրետանային արկ եւ հրթիռ մինչեւ մարտ մատակարարելու խնդրի կատարումը հարցականի տակ է։ Հունգարիան ուշացնում է 500 մլն եվրո վճարումները Խաղաղության ֆոնդից՝ այն պատճառով, որ Ուկրաինան հունգարական բանկերից մեկը «սեւ ցուցակ» է մտցրել։ Հունգարիան երաշխիքներ է պահանջում, որ այդ բանկը նորից չի մտցվի սեւ ցուցակ։

«Հաշվի առնելով ԵՄ առանձին երկրների եւ Ուկրաինայի միջեւ շարունակվող բանակցությունները անվտանգության միջոցների փաթեթների վերաբերյալ՝ ԵՄ երկարաժամկետ ռազմական օգնության վերջնական արժեքը որոշելը մնում է դժվար խնդիր։ ԵՄ որոշ դիվանագետներ կարծում են, որ նախնական քառամյա պարտավորությունը, որն առաջարկել է Բորելը, այնքան էլ հավանական չի թվում, իսկ որպես հնարավոր այլընտրանք ի հայտ է գալիս այն մոտեցումը, որը նախատեսում է օգնության տրամադրում տարին մեկ անգամ»,- գրել է Reuters-ը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: