Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.
- ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
- մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան),
- էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)։
Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն նախընթաց գործունեություն: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ազգային փոքրամասնությունների լեզուներով և հայերեն Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, եթե.
Ա. լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,
բ. ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,
գ. կազմելու և նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգ և ծրագրեր,
դ. ծրագրելու և իրականացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլեր:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 31-ն է: