չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Վոլոդիմիր Զելենսկու լիազորությունները մինչև ռազմական դրության ավարտը

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Վոլոդիմիր Զելենսկու լիազորությունները մինչև ռազմական դրության ավարտը

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Ուկրաինայում ժողովրդավարության աջակցության մասին հայտարարություն, որը հաստատում է Վոլոդիմիր Զելենսկու լիազորությունները մինչև ռազմական դրության ավարտը:

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայում հնարավոր չէ կազմակերպել ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ պատերազմի պատճառով, և դրա պատասխանատվությունն անձամբ կրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռադան հայտարարել է, որ երբ ապահովվի համապարփակ, արդար և կայուն խաղաղություն, այդ ժամանակ էլ կհայտարարվի Ուկրաինայի նախագահի ընտրությունը:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին ընտրվել է ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրության ճանապարհով. նրա մանդատը կասկածի տակ չի դրվում ուկրաինացի ժողովրդի և Գերագույն ռադայի կողմից։

Որոշման մեջ նաև նշվում է, որ Ուկրաինայի Սահմանադրության 108-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Զելենսկին պետք է պահպանի իր լիազորությունները մինչև նոր նախագահի պաշտոնի ստանձնումը:

Օրինագծին կողմ է քվեարկել 268 պատգամավոր։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն «բռնապետ» էր անվանել, նշել, որ Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն, քանի որ Զելենսկու աջակցությունն ընդամենը 4 տոկոս է կազմում:

  • Կիսվել: