ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինացի դիվերսանտները բաց են թողել պատանդ վերցված բուժակին

Ուկրաինացի դիվերսանտները բաց են թողել պատանդ վերցված բուժակին

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյանսկի մարզ ներթափանցած ուկրաինացի դիվերսանտները պատանդ են վերցրել, ապա ազատել Լյուբեչանե գյուղի բուժակին։

Այս մասին ТАСС-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը, ով ականատես է եղել միջադեպին։

«Ուկրաինացի դիվերսանտների հարձակման ժամանակ պատանդ է վերցվել Լյուբեչանե գյուղի բուժակը, նա այժմ ազատ է արձակվել։ Բուժաշխատողը անձնական մեքենայով դուրս էր եկել Նովի Ռոպսկ գյուղից, նա մեքենայում մենակ էր», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ականատեսի խոսքով՝ տեղի բնակիչներն իրենց տներում են, պատուհանները փակ են, ոչ ոք չի կարող հեռանալ, կրակոցների ձայներ են լսվում։

ТАСС-ը նաև հաղորդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է իր այցը Պյատիգորսկ՝ կապված Բրյանսկում տիրող իրավիճակի հետ: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Պուտինն ուսուցիչների հետ պլանավորված իր հանդիպումը կանցկացնի տեսակապի միջոցով:

Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահը ԱԴԾ-ից, ՊՆ-ից և Ռոսգվարդիայից ստանում է զեկույցներ Բրյանսկի մարզում տիրող իրավիճակի և ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: Պուտինը նաև կապի մեջ է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հետ:

ТАСС-ը նաև հաղորդում է, որ ուկրաինացի դիվերսանտների գործողությունների ժամանակ վիրավորում ստացած տասը տարեկան տղան գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

  • Կիսվել: