շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում ընտրությունների օրը մայիսի 14-ից կարող են տեղափոխել հունիսի 18-ին

Թուրքիայում ընտրությունների օրը մայիսի 14-ից կարող են տեղափոխել հունիսի 18-ին

Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օրը կարող են տեղափոխել մայիսի 14-ից հունիսի 18-ին՝ երկրի հարավ-արեւելքում ավերիչ երկրաշարժի հետ կապված, ուրբաթ տեղեկացրել է Duvar թերթը՝ հղում կատարելով թուրքական ընդդիմադիր «İyi parti»  («Լավ կուսակցություն») առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությանը։

«Լրագրող Մուրաթ Եթքինը Աքշեներին հարցրել է. «Արդյո՞ք երկրաշարժը կազդի ընտրությունների օրվա վրա։ Արդյո՞ք ընտրությունները կհետաձգվեն արտակագ դրություն մտցնելուց հետո»։ Աքշեները հարցին պատասխանել է դեմքի ոչ այնքան գոհ արտահայտությամբ. «Ես չեմ կարծում, թե ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, բայց կարծում եմ, որ դրանք կտեղափոխվեն հունիսի 18-ին»,- նրանց երկխոսությունն այսպես է ներկայացրել թերթը։

Թերթը նաեւ ենթադրել է, որ երկրի խորհրդարանը կարող է ընտրությունները մեկ տարով հետաձգելու որոշում կայացնել։

«Աքշեները չի կարծում, թե խորհրդարանը նման որոշում կկայացնի։ Նա ավելացրել է հետեւյալը. «Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է մեր ավանդը ներդնենք, որպեսզի ընտրությունները կայանան»,- նրա խոսքերը մեջբերել է պարբերականը։

Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական) երկրում նշանակված են մայիսի 14-ին։ Թուրքիայի նախագահը տեղեկացրել էր, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ն ընդունել որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր, իսկ եթե խորհրդարանը հրաժարվի, ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները։ Էրդողանի լիազորությունները բավական են խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ հայտարարելու համար՝ հրամանից 60 օր հետո։ Էրդողանը գալիք ընտրություններում լինելու է «Հանրապետության միության» թեկնածուն։ Վեց ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան առայժմ իր թեկնածուին չի հայտարարել։

  • Կիսվել: