Թուրքիայի նախագահի թեկնածուն ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի Էրդողանին․ Hürriyet
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածուն՝ «Աթա» դաշինքից (Աթաթուրքի դաշինք) Սինան Օղանը, երկուշաբթի կհայտարարի մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին եւ կհրապարակի հանրապետության ներկայիս ղեկավարի հետ քննարկված կետերը, հաղորդում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,24 տոկոսը, ընդդիմադիր յոթ կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,07 տոկոս։
Հաշվի առնելով օտարերկրյա ներկայացուցչություններում և սահմանային անցակետերում ընտրողների ձայները՝ գործող նախագահին աջակցել է ընտրողների 49,52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։ Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն։ Օղանն ընտրություններում հավաքել է ավելի քան հինգ տոկոս, սակայն, փորձագետների կարծիքով, նրա ձայների նշանակությունը մեծացել է նախագահի հիմնական թեկնածուների շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։