Թուրքիայի Բոդրում հանգստավայրի ափերի մոտ միգրանտների տեղափոխող փչովի նավակ է շրջվել. կա 14 զոհ
Էգեյան ծովում՝ Թուրքիայի Բոդրում հանգստավայրի ափերի մոտ, միգրանտների տեղափոխող փչովի նավակ է շրջվել, կա 14 զոհ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ այս մասին հայտնել է Մուղլայի նահանգապետարանը։ «14 անօրինական միգրանտների դիերը հայտնաբերվել են»,- X-ում հայտնել է Մուղլայի նահանգապետարանը։
Նշվում է, առափնյա պահպանության ծառայությունը գտել է երկու փրկվածի, որոնցից մեկը պատմել է, որ նավը «տեղափոխել է 18 մարդու», երբ սկսել է այն ջրով լցվել և խորտակվել է ընդամենը 10 րոպե անց։ Մեկ փրկվածի հաջողվել է լողալով հասնել Չելեբի կղզի։
Նահանգապետի գրասենյակը հայտնել է, որ փրկվածներից մեկն Աֆղանստանի քաղաքացի է՝ առանց նշելու, թե որտեղից են մյուսները։ Մյուս երկու անհետ կորած միգրանտներին որոնում են։
Ինչպես հայտնի է՝ միգրանտների նավակները հաճախ կորչում են թուրքական ափի և մոտակա հունական Սամոս, Ռոդոս և Լեսբոս կղզիների միջև կարճ, բայց վտանգավոր ճանապարհին: Այդ կղզիները ծառայում են որպես Եվրամիության երկրներ մուտքի կետեր։


