Թրամփը չի բացառել Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ ռազմական ճանապարհով ԱՄՆ վերահսկողություն հաստատումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողություն հաստատելու իր ցանկության մասին, նա անգամ չի բացառել հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը, տեղեկացնում է BBC-ն:
Մար-ա-Լագոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը, մասնավորապես, նշել է. «Կարող եմ մի բան ասել. դրանք մեզ անհրաժեշտ են տնտեսական անվտանգության համար: Ես չեմ կարող այդպիսի պարտավորություն ստանձնել (ռազմական գործողություններ չձեռնարկել)։ Կարող է այնպես լինել, որ մենք ստիպված ինչ-որ բան անենք»:
Հաղորդվում է, որ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակայնորեն ցանկություն հայտնեց Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնել, Դոնալդ Թրամփ կրտսերը ժամանել է դանիական այս ինքնավար տարածքը և ասել, որ եկել է շփվելու կղզու բնակիչների հետ և մտադիր չէ հանդիպել պետական պաշտոնյաների հետ։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նրա այցին ի պատասխան նշել է. «Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին և այդ տարածքը չի վաճառվում»։
Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն էլ ասել է. «Գրենլանդիան մեզ է պատկանում, մենք չենք վաճառվում ու երբեք չենք վաճառվի: Մենք չպետք է տանուլ տանք ազատության համար մեր երկարատև պայքարը»:
Նշենք, որ 57 հազար բնակչություն ունեցող տարածքը Դանիայի կազմում ինքնավար կարգավիճակ ունի 1979 թվականից: