Թրամփն ու Սթարմերը հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երեկ՝ հունվարի 24-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին տեղեկացնում է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել քաջ և հերոսական բրիտանացի ու ամերիկացի զինվորներին, որոնք կռվել են կողք կողքի Աֆղանստանում, որոնցից շատերը չեն վերադարձել տուն։ Մենք երբեք չպետք է մոռանանք նրանց անձնազոհությունը, ասել է նա»:
«Քանի որ Ուկրաինան ապրում է պատերազմի չորրորդ տարին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է առաջընթաց ապահովել կայուն հրադադարի ուղղությամբ։ Մինչ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, վարչապետը հաստատել է, որ միջազգային գործընկերները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային՝ Պուտինի բարբարոսական հարձակումներից պաշտպանվելու գործում։
Առաջնորդները քննարկել են նաև Արկտիկայում անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, և վարչապետը հայտարարել է, որ դա իր կառավարության բացարձակ առաջնահերթությունն է։ Նրանք անդրադարձել են նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարևորությանը, որոնք շարունակում են դիմանալ ժամանակի փորձությանը։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակում հանդես գալ հայտարարությամբ»,- հայտնել են Դաունինգ սթրիթից։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ անցած կիրակի երկու երկրների առաջնորդների միջև տեղի է ունեցել «լարված զրույց», որը վերաբերում էր ԱՄՆ նախագահի սպառնալիքին՝ մաքսատուրքեր ներմուծել եվրոպական 8 երկրների ապրանքների վրա, որոնք զորքեր էին ուղարկել Գրենլանդիա՝ վարժանքներ անցկացնելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է սեփականության իրավունք ստանա Արկտիկայի այն կղզու վրա, որը Դանիայի ինքնիշխան տարածքն է։


