Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն այսօր մեկնարկել են «Freedom Flag» երկշաբաթյա համատեղ ռազմաօդային զորավարժությունները, հայտնել են Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերից, տեղեկացնում է «Ռենհապ» գործակալությունը:
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Կունսան ավիաբազայում, դրանցում ներգրավված են երկու երկրների մարտական ավիացիայի հիմնական ուժերը, այդ թվում՝ հարավկորեական F-15K, KF-16 և F-35A կործանիչները, KC-330 լիցքավորող ինքնաթիռները և E-737 Peace Eye հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ու կառավարման ինքնաթիռները:
Ամերիկյան կողմը զորավարժություններին մասնակցում է F-16 և F-35B կործանիչներով, RC-135 հետախուզական ինքնաթիռներով, MH-60S Seahawk ուղղաթիռներով և MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերով:
Ինչպես հաղորդվում է՝ զորավարժությունների խնդիրներից մեկը կլինի համատեղ ռազմական գործողություններն ինքնուրույն ծրագրելու և իրականացնելու Հարավային Կորեայի պատրաստվածության գնահատումը: Դա կապված է պատերազմական ժամանակաշրջանում զորքերի օպերատիվ վերահսկողությունը Սեուլին փոխանցելու նախապատրաստման հետ, ինչով ներկայումս զբաղվում է ԱՄՆ-ն:


