Թրամփի կարծիքով Միացյալ Նահանգները պետք է դուրս գա Ուկրաինայում պատերազմից
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դուրս գա Ուկրաինայի պատերազմից։ Թրամփի խոսքով՝ փոխնախագահ Քամալա Հարիսը և նախագահ Ջո Բայդենը համապատասխան ծրագիր չունեն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Բայդենն ու Քամալան մեզ ներքաշեցին Ուկրաինայում այս պատերազմի մեջ, և այժմ նրանք չեն կարող մեզ դուրս բերել դրանից: Նրանք չեն կարող մեզ դուրս հանել»,- ասել է Թրամփը Ջորջիա նահանգում։
ԱՄՆ-ի զինված ուժերը ներգրավված չեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտության մեջ, սակայն Վաշինգտոնը Կիևին միլիարդավոր դոլարների ռազմական և հումանիտար օգնություն է տրամադրել։
«Կարծում եմ՝ մենք այս պատերազմի մեջ կմնանք, եթե իհարկե, ես չդառնամ նախագահ։ Ես ամեն ինչ կանեմ: Ես կհասնեմ բանակցությունների, դուրս կգամ դրանից. Պետք է դուրս գանք։ Բայդենն ասում է. «Մենք չենք հեռանա մինչև չհաղթենք». Ի՞նչ կլինի, եթե նրանք [Ռուսաստանը] հաղթեն», - ասել է Թրամփը։