Թրամփի հրամանով ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով ամբողջ պատը սև կներկվի
ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով ամբողջ պատը սև է ներկվելու՝ անօրինական ներգաղթը կանխելու համար: Այս մասին Նյու Մեքսիկոյում պատի մի հատված այցելելու ժամանակ հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, տեղեկացնում է CBS News-ը։
Նրա խոսքով՝ այն ներկելու որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Նա հասկանում է, որ շոգ պայմաններում, երբ ինչ-որ բան ներկված է սև գույնով, այն ավելի շատ է տաքանում, և մարդկանց համար պատի վրայով բարձրանալն ավելի դժվար կլինի»։ Նախարարի խոսքով՝ մետաղի վրա սև ներկը սահմանի մյուս կողմում գտնվող մարդկանց կխանգարի անօրինական մուտք գործել Միացյալ Նահանգներ։
Նշվում է նաև, որ հունիսին ԱՄՆ հարավային սահմանին ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ամենացածր ցուցանիշն է։
Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի ներգաղթի քաղաքականության հիմնական ուղղությունն էր նրա առաջին նախագահական պաշտոնավարման ժամանակ: Իսկ երկրորդ ժամկետի ընթացքում նախագահն ավելի շատ կենտրոնացել է միգրանտների արտաքսման ծրագրերի վրա:


