հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Թեհրանը չի հրաժարվում ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումներից. Իրանի նախագահ

Թեհրանը չի հրաժարվում ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումներից. Իրանի նախագահ

Իրանը չի հրաժարվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսչական ստուգումներից, բայց եթե առանձին տեսուչներ իրենց գործունեությամբ խաթարեն Թեհրանի վստահությունն իրենց նկատմամբ, ապա նրանք կարտաքսվեն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Իրանն ամենևին չի ասում, թե մենք տեսչական ստուգումներ չպետք է անցկացնենք: Այսպիսով, մենք շատ լավ համագործակցություն ենք ունեցել ՄԱԳԱՏԷ-ի հետ: Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր կարող են գործադրել ջանքեր, որոնք խաթարում են նրանց նկատմամբ Իրանի ցուցաբերած վստահության մակարդակը, ապա մենք թիրախավորում ենք կոնկրետ այս անձանց, այլ ոչ թե տեսչություններին՝ որպես այդպիսին»,- Ռայիսիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իհարկե, եթե ծանրակշիռ պատճառներով ակնհայտ դառնա առանձին տեսուչների նկատմամբ վստահության պակասը, նրանք ակնհայտորեն կվերադարձվեն (կվտարվեն): Բայց այն տեսուչները, որոնք անվստահության առիթ չեն տվել, միանշանակ, կարող են շարունակել իրենց գործունեությունը»,- հավելել է նա։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել էր, որ Իրանը որոշել է հետ կանչել գործակալության մի քանի տեսուչների հավատարմագրերը, որոնք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) երաշխիքների համաձայնագրի շրջանակներում զբաղված են Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներով։ Կազմակերպությունում Իրանին կոչ են արել վերանայել որոշումը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ունի հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հավատարմագրումից՝ ՄԶՉՊ-ի երաշխիքների շուրջ համաձայնագրի 9-րդ հոդվածի հիման վրա։

  • Կիսվել: