հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թեհրանն ու Մոսկվան պայմանավորվել են Իրանին Սու-35 կործանիչներ մատակարարել

Թեհրանն ու Մոսկվան պայմանավորվել են Իրանին Սու-35 կործանիչներ մատակարարել

Ռուսաստանն Իրանին Սու-35 կործանիչներ կմատակարարի: Թեհրանը հայտարարել է Մոսկվայի հետ համաձայնագրի կնքման մասին, ռուսական կողմը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել գործարքը։

«Սու-35 կործանիչները տեխնիկապես հարմար են Իրանին, և Թեհրանը վերջապես հաստատել է դրանց գնման պայմանագիրը»,- իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը մեջբերել է ՄԱԿ-ում իրանական առաքելության անանուն աշխատակցի խոսքը։

Իրանական լրատվամիջոցի աղբյուրը չի նշել գործարքի գումարը և չի հայտնել դրա մանրամասները։ Նա հավելել է, որ Թեհրանը շահագրգռված է նաև մի քանի այլ երկրից ռազմական ինքնաթիռներ գնելու հարցում։

Իրանի ռազմաօդային ուժերն ընդամենը մի քանի տասնյակ մարտական ​​ինքնաթիռներ ունեն. դրանք ռուսական և հին ամերիկյան մոդելներ են, որոնք մնացել են Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, գրում է BBC-ն:

2018 թվականին Իրանը հայտարարեց, որ սկսել է սեփական Kowsar կործանիչի արտադրությունը։ Որոշ փորձագետների կարծիքով՝ դա ամերիկյան F-15-ի կրկնօրինակն է:

Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության կապակցությամբ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ երկու երկրները սկսել են միմյանց ցուցաբերել աննախադեպ ռազմական աջակցություն։

  • Կիսվել: