Ճապոնիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 22 տուժած
Ճապոնիայի կենտրոնական հատվածում կիրակի վաղ առավոտյան 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժել է առնվազն 22 մարդ։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով կոտրվել են խանութների ցուցափեղկերն ու ապակիները, մարդիկ խուճապահար դուրս են եկել շենքերից։ Գրախանութներից մեկում դարակներից թափված գրքերը կուտակվել են հատակին։
Տուժածների թվում կան մարդիկ, որոնք շտապ փախչելու փորձի ժամանակ աստիճաններից ընկել են։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01:04-ին՝ Շիզուոկա պրեֆեկտուրայում, մոտ 40 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են Աիչի, Գիֆու և Յամանասի պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Կիոտոյում, Նարայում և Համամացու քաղաքում։ Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Աիչի պրեֆեկտուրայում։ Տոկիոյում երկրաշարժը չի զգացվել։


