կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան. այն բացելու համար ձերբակալություններ են եղել

Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան. այն բացելու համար ձերբակալություններ են եղել

Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան:

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք պատրաստվել են գիշերել Թբիլիսիի պետական համալսանի առաջին մասնաշենքի մոտ և վերականգնել իրենց վրանային ճամբարը: 

 

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարներին ցրելու ժամանակ ձերբակալել են 16 մարդու, երեքն  ազատ են արձակվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ճավճավաձեի և Վարազիսխևի պողոտաների խաչմերուկում տեղի ունեցած ցույցի ժամանակ վարչական կալանքի տակ է առնվել 16 մարդ, որոնցից երեքը գրավի դիմաց ազատ են արձակվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Պետական համալսարանի շենքի մոտ ցուցարարներին ցրելուց հետո Թբիլիսիում իրավիճակը հանգիստ է. մարդիկ չեն հեռանում քաղաքի կենտրոնից, սակայն ոստիկանության հետ բախումներ չկան, առավոտյան հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Ընդդիմադիրները կիրակի երեկոյան կաթվածահար էին արել Թբիլիսիի պետական համալսարանի դիմացի տարածքը։ Նրանք կրակ էին վառել, երգեր երգել: Վրանային ճամբարը քանդել են իրավապահները, ջրցան մեքենաներով ցրել ցուցարարներին, եղել են բախումներ:

Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում հոկտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները և նշում են, որ դրանք կեղծվել են։

Անցած շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես հրաժարվել է ճանաչել պաշտոնական արդյունքները՝ Ռուսաստանին մեղադրելով ընտրություններին միջամտելու համար:

Ընտրությունների արդյունքների դեմ առաջին բողոքի ցույցերից հետո մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկն էականորեն չի փոխել ԿԸՀ-ի՝ նախկինում հայտարարված տվյալները։ Քվեարկության արդյունքները չեղարկվել են 30 ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով։

Միևնույն ժամանակ, միջազգային դիտորդները մատնանշել են ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները՝ ընտրողներին ահաբեկելու և ընտրակաշառքի դեպքեր, ճնշումներ պետական պաշտոնյաների նկատմամբ, բազմակի քվեարկություններ և լցոնումներ։

ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները կոչ են արել հետաքննել Վրաստանում ընտրական գործընթացին հնարավոր կեղծիքների և ենթադրյալ միջամտության դեպքերը։

  • Կիսվել: