ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական պատճառներով Սաակաշվիլուն ազատ արձակելու միջնորդությունը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական պատճառներով Սաակաշվիլուն ազատ արձակելու միջնորդությունը

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ Վերաքննիչ դատարանն առանց բանավոր լսումների քննարկել և ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, ըստ որի՝ մերժվել է առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիին ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։ Հաղորդում է aliq. ge-ն։

Խաճապուրիձեն նշել է, որ ընթացակարգային առումով նման որոշումը չի կարող բողոքարկվել Գերագույն դատարան, իսկ եթե կողմը որոշի, այնուամենայնիվ, բողոքարկել, ապա գործը կբողոքարկվի Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան։

Ըստ Խաճապուրիձեի՝ Սաակաշվիլիին արդեն տեղեկացրել են Վերաքննիչ դատարանի որոշման մասին:

Փաստաբանի խոսքով՝ դատավոր Եկատերինե Կուլուլաշվիլին Վերաքննիչ դատարանում փաստաբանների բացակայությամբ է քննարկել Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու միջնորդությունը։

Ի դեպ, Խաճապուրիձեն փետրվարի 21-ին բողոքարկել է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան։

Նշենք, որ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Այս երկուսից բացի, ևս երեք գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ։

  • Կիսվել: