Տաշքենդում հզոր պայթյուն է տեղի ունեցել արդյունաբերական պահեստում․ կան տասնյակ տուժածներ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հզոր պայթյուն է տեղի ունեցել արդյունաբերական պահեստում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։
Ըստ Ուզբեկստանի ԱԻՆ-ի՝ պայթյունի մասին տեղեկությունը հաղորդվել է սեպտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով 02:43-ին (երևանյան ժամանակով՝ 01։43), հրդեհը մեկուսացվել է 05։02-ին (երևանյան ժամանակով՝ 04։02)։
Հզոր պայթյունից հետո հարակից տների պատուհանները կոտրվել են, գրանցվել են ավերածություններ։ Վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Սոցցանցերի օգտատերերը նշում են, որ պայթյունի ալիքը զգացվել է մի քանի կիլոմետրից։ Շատերը ստիպված են եղել գիշերել մեքենաներում։
Միջադեպի հետևանքով զոհեր չկան, սակայն Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը հայտնում է տուժածների մասին։ Այս պահին տուժածների հստակ թիվը դեռ ճշտվում է։ Մեծ մասամբ մարդիկ հիվանդանոցներ են դիմել դեմքի վնասվածքներով։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի պատճառ կարող էր դառնալ ավիաաղետը, սակայն ԱԻՆ-ը հերքել է այն՝ հայտնելով, որ պատճառը կայծակի հարվածն է եղել։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ պահեստում կարող էին էլեկտրական մեքենաների մարտկոցներ եղած լինել։