Թաիլանդի ռազմածովային ուժերի նավը խորտակվել է․ ավելի քան 30 նավաստիներ անհետ կորել են
Թաիլանդի Թագավորական ռազմածովային ուժերի HTMS Sukhothai նավը խորտակվել է Սիամական ծոցում փոթորկի ժամանակ։ Նավում գտնվել է 106 զինծառայող։ 75 մարդու հաջողվել է փրկել, սակայն 31 նավաստիներ մինչ օրս համարվում են անհետ կորած։
Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նավը փոթորկի ժամանակ թեքվել է և զգալի քանակությամբ ջուր է հավաքել, որից հետո տեղի է ունեցել էլեկտրալարերի կարճ միացում և շարժիչների անջատում։ Էլեկտրաէներգիայի անջատումից հետո անձնակազմը փորձել է փրկել նավը, բայց այն կողաշրջվել է և խորտակվել կիրակի օրը՝ տեղական ժամանակով 23:30-ի սահմաններում (GMT 16:30 GMT):
Ռազմածովային ուժերի երեք նավ և ուղղաթիռներ օգնության են ուղարկվել, բայց միայն մեկ նավին է հաջողվել հասնել կորվետ մինչև խորտակվելը:
Մոտեցող ֆրեգատը վերցրել է HTMS Sukhothai-ի անձնակազմի մեծ մասը, հայտնել են ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։ Նրանց վիճակի մասին մանրամասներ դեռ չկան, բայց տեղական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է նավահանգստի բժշկական անձնակազմը պատգարակով դուրս բերում անձնակազմի անդամներին:
Երկուշաբթի օրը վարչապետ Պրայուտ Չան-Օ-Չան հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ պաշտոնյաները հետաքննում են աղետը:
Թաիլանդի ռազմածովային ուժերը նույնպես հայտարարել են աղետի պատճառների հետաքննություն սկսելու մասին:


