շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սուդանի բանակը հայտարարել է հրադադարի մասին Իդ ալ-Ադհա տոնի առաջին օրը

Սուդանի բանակը հայտարարել է հրադադարի մասին Իդ ալ-Ադհա տոնի առաջին օրը

Սուդանի Զինված ուժերը կդադարեցնեն կրակը զոհաբերության Իդ ալ-Ադհա (Կուրբան բայրամ) մուսուլմանական տոնի առաջին օրը, որն սկսվում է հունիսի 28-ին։ Այս մասին տեղեկացրել է բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը։

«Բանակը հայտարարել է իր կողմից մտցվող հրադադարի մասին Իդ ալ-Ադհայի առաջին օրը»,- նրա խոսքերը մեջբերել է Al-Hadath հեռուստաալիքը։

Երկուշաբթի երեկոյան սուդանյան արագ արձագանքման ուժերի հրամանատար Մուհամեդ Համդան Դագլոն (Համդիթի) հայտարարել է, որ իրեն ենթակա ստորաբաժանումները միակողմանիորեն կպահպանեն հրադադարի ռեժիմը տոնական օրերին։

Ալ-Բուրհանը Սուդանի երիտասարդությանը կոչ է արել «մտնել զինված ուժերի շարքերը, որպեսզի պաշտպանեն երկիրը արագ արձագանքման ուժերից»։ Նա նաեւ դիմել է նրանց, ովքեր «կարող են զենք բռնել», որպեսզի գան բանակային կետեր եւ զինված ուժերի հետ միասին «դիմակայեն խռովարարների ջոկատներին»։ Սուդանի ԶՈւ հրամանատարը հաստատել է, որ «բանակը շահագրգռված է, որ  իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված քաղաքացիական կառավարությանը հանձնի»։

  • Կիսվել: