հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստամբուլ եւ Երեւան չվերթները մայիսյան տոներին ամենապահանջվածն են ՌԴ-ում

Ստամբուլ եւ Երեւան չվերթները մայիսյան տոներին ամենապահանջվածն են ՌԴ-ում

Ռուսաստանում առաջիկա մայիսյան տոներին ամենապահանջված օտարերկրյա ուղղություններն են դարձել Ստամբուլը, Երեւանը եւ Անթալիան։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ճամփորդությունների կանխատեսման OneTwoTrip սերվիսին։

Մասնագետներն ուսումնասիրել են 2023թ. ապրիլի 28 – մայիսի 14 ավիատոմսերի որոնումները։

«Օտարերկրյա ուղղությունների մեջ ամենից հաճախ փնտրում են Ստամբուլի տոմսեր. այստեղ գալ է ցանկանում զբոսաշրջիկների 11 տոկոսը։ Թուրքական այս քաղաք կարելի է հասնել 24 հազար ռուբլով՝ մեկ մարդու համար։ Ստամբուլին հաջորդում է Երեւանը՝ 10,8 տոկոս եւ մոտ 11 հազար ռուբլի տոմսի արժեքով։ Եռյակը փակում է Անթալիան՝ 6 տոկոս։ Այստեղ կարելի է հասնել 16,5 հազար ռուբլով»,- նշել են փորձագետները։

Մայիսյան տոներին մեծ պահանջարկ են վայելում նաեւ Դուբայ թռիչքները (5,5 տոկոս, արժեքը՝ 22,5 հազար ռուբլի), Տաշքենդը (4,5 տոկոս, 7,7 հազար ռուբլի), Բաքուն (4,4 տոկոս, 16,3 հազար ռուբլի), Մինսկը (3,5 տոկոս, 5 հազար ռուբլի), Թել Ավիվը (3,3 տոկոս, 19 հազար ռուբլի), Թբիլիսին (3,2 տոկոս, 18,5 հազար ռուբլի) եւ Փհուքետը (2 տոկոս, 36,3 հազար ռուբլի)։

Հետազոտության համաձայն՝ ամենապահանջված ռուսական ուղղությունը մայիսյան տոներին դարձել է Սոչին՝ 16,8 տոկոս, իսկ թռիչքի միջին արժեքը՝ 5,3 հազար ռուբլի։

  • Կիսվել: