Սպիտակ տունը պատահաբար լրագրողին ներառել է գաղտնի խմբային չաթում, ինչը սկանդալ է առաջացրել երկրում
Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր, լրագրող Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ավելացվել է Signal հաղորդագրությունների հավելվածի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկում էին Եմենի հութիների դեմ առաջիկա ռազմական գործողության մանրամասները: Գոլդբերգն այս մասին հայտնել է «Թրամփի վարչակազմը պատահաբար ինձ հաղորդագրություն է ուղարկել իր ռազմական ծրագրերի մասին» վերտառությամբ հոդվածում, գրում է dw.com-ը։
Սա, հավանաբար, անվտանգության համակարգում ամենալուրջ խախտումներից մեկն է ԱՄՆ-ի նորագույն ռազմական պատմության մեջ: Ինչպես գրում է The Guardian-ը, կատարվածը սկանդալ է առաջացրել երկրում. Սենատի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ անդամները կատարվածը «աղետ» են որակել:
Գոլդբերգի խոսքով՝ ինքն առցանց չաթի հրավեր է ստացել այս տարվա մարտի 11-ին՝ Վաշինգտոնի կողմից Եմենում հութիների դեմ ռազմական գործողություններ սկսելուց ընդամենը 4 օր առաջ։ Զրույցին մասնակցել է 18 մարդ, որոնց թվում են եղել ամերիկյան ղեկավարության առանցքային ներկայացուցիչներ, մասնավորապես՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
Ինչպես գրում է Atlantic-ի գլխավոր խմբագիրը, պաշտոնյաները մանրամասն քննարկել են հարվածների ժամկետներն ու թիրախները, այլ երկրների հնարավոր արձագանքը, ինչպես նաև հնարավոր ռիսկերն ու հետևանքները։ Գոլդբերգի խոսքով՝ ռազմական գործողության մեկնարկից երկու ժամ առաջ չաթ է ուղարկվել ԱՄՆ ռազմական գործողությունների մանրամասն ծրագիրը։ Այն պարունակում էր «ճշգրիտ տեղեկատվություն զենքի, թիրախների և ժամկետների մասին», ասվում է նյութում:
Atlantic-ի գլխավոր խմբագիրը սկզբում կասկածել է չաթի իսկությանը:
«Նախկինում ես երբեք չեմ հանդիպել գաղտնիության նման բացահայտ խախտման: Ազգային անվտանգության խորհրդի անդամներն օգտագործում են Signal-ը, բայց սովորաբար միայն հանդիպումներ կազմակերպելու և նյութատեխնիկական հարցեր լուծելու համար, այլ ոչ թե ռազմական գործողություններ քննարկելու համար», - ասել է Գոլդբերգը:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզն ասել է, որ կառավարությունը ներկայումս հետաքննում է, թե ինչպես է լրագրողի հեռախոսահամարն ավելացվել կառավարության զրույցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «ոչինչ չգիտի» միջադեպի մասին։