երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Sotheby's-ում վաճառքի են դրվել ադամանդե և զմրուխտե ոսպնյակներով հազվագյուտ ակնոցներ

Sotheby's-ում վաճառքի են դրվել ադամանդե և զմրուխտե ոսպնյակներով հազվագյուտ ակնոցներ

Լոնդոնում հոկտեմբերին աճուրդի կհանվեն ադամանդից և զմրուխտից պատրաստված հազվագյուտ հնդկական ակնոցներ՝ հայտնում է BBC-ն:

Յուրաքանչյուր ակնոցի մեկնարկային գինը կլինի 2-3,4 մլն դոլար:

Sotheby's աճուրդի տան տվյալներով՝ ենթադրվում է, որ ակնոցները պատկանում են Հնդկաստանում Մեծ Մողոլների կայսրության ժամանակաշրջանին և, ամենայն հավանականությամբ, այն տոհմին, որը կառավարել է XVI-XVII դարերում:

Աճուրդից առաջ ակնոցները կցուցադրվեն Լոնդոնի և Հոնկոնգի ցուցահանդեսներում:

Sotheby's-ը նշում է քարերի բացառիկ որակը: Ադամանդե ոսպնյակներն ամբողջական ադամանդից են, որը, ենթադրաբար, ստացել են Հնդկաստանի հարավում գտնվող Գոլկոնդայի հանքերից: Զմրուխտե ոսպնյակներն էլ, ամենայն հավանականությամբ պատրաստված են կոլումբիական ամբողջական զմրուխտից:

«Եթե սովորական ոսպնյակները նախատեսված են վատ տեսողություն ունեցող մարդկանց օգնելու համար, այս ակնոցներն ունեցել են նաև որոշակի հոգևոր նշանակություն: Համարվում էր, որ ադամանդները կարող են լուսավորել, իսկ զմրուխտները՝ բուժել և հեռացնել չարը»,- բացատրել է աճուրդի տունը:

Հին հռոմեացի հեղինակ Պլինիուս Ավագի «Բնական պատմության» մեջ նշվում է, որ Ներոն կայսրը գլադիատորների մարտերին հետևել է զմրուխտե ոսպնյակներով ակնոցով:

  • Կիսվել: