շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters

Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ռեստորաններն ու բարերն այլևս չեն կարողանա լցնովի ալկոհոլ վաճառել կառավարության սահմանած արգելքից հետո՝ տեղեկացնում է Reuters-ը։

Դամասկոսի վարչակազմի հրամանագրով քաղաքում գործող գիշերային ակումբներն ու բարերը պարտավոր են վերաձևակերպել սրճարանների իրենց արտոնագրերը: Նրանց թույլատրվելու է ալկոհոլ վաճառել միայն կնքված շշերով և հիմնականում քրիստոնյա բնակչություն ունեցող շրջաններում։

Օբյեկտների համար, որոնք կպահպանեն ալկոհոլի վաճառքը, կգործեն լրացուցիչ կանոններ։ Դրանք պետք է լինեն պաշտամունքի վայրերից և դպրոցներից առնվազն 75 մ, իսկ անվտանգության օբյեկտներից՝ 20 մ հեռու: Սեփականատերերին երեք ամիս է տրվել բոլոր պահանջները կատարելու համար։

Ալկոհոլի և դրա վաճառքի նկատմամբ վերաբերմունքը Սիրիայում փոխվել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ իսլամիստ ապստամբները տապալեցին Բաշար Ասադի կառավարությունը։ Լրատվական գործակալությունը նշում է, որ սիրիական օրենսդրությունը չի արգելում լցնովի ալկոհոլի վաճառքը, և Դամասկոսի իշխանությունների նոր որոշումը հակասում է Սիրիայի Սահմանադրական հռչակագրի հոդվածին։

  • Կիսվել: