երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սինգապուրում գրեթե 20 տարվա մեջ առաջին անգամ դատապարտվածին մահապատժի են ենթարկել թմրամիջոց վաճառելու մեղադրանքով

Սինգապուրում գրեթե 20 տարվա մեջ առաջին անգամ դատապարտվածին մահապատժի են ենթարկել թմրամիջոց վաճառելու մեղադրանքով

Սինգապուրում մահապատժի է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված կինը, առաջին դեպքը 20 տարվա ընթացքում։ Այդ մասին տեղեկացում է Euronews-ը՝ վկայակոչելով Սինգապուրի թմրամիջոցների դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի տեղեկությունը։

45-ամյա Սարիդեվի Ջամանին մահապատժի է դատապարտվել 2018 թվականին՝ 30,72 գրամ հերոին վաճառելու համար։ Դատավորները մերժել են կնոջ բողոքը, նախագահը նույնպես հրաժարվել է նրան ներում շնորհել, պատիժն իրականացվել է 2023 թվականի հուլիսի 28-ին։

Սինգապուրում կախաղանի միջոցով մահապատիժ է սահմանվում բոլոր թմրավաճառների համար, որոնց բռնում են 15 գրամ և ավելի հերոին վաճառելիս։

Անցյալ տարվա մարտից երկրում մահապատժի է ենթարկվել 16 մարդ՝ թմրամիջոցների հետ կապված հոդվածներով։ Սինգապուրի իշխանությունները կարծում են, որ մահապատժի կիրառումը արդյունավետ միջոց է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների անկախ փորձագետները, սակայն, Սինգապուրի կառավարությանը կոչ են անում անհապաղ մահապատժի մորատորիում մտցնել։ Նրանք նշում են, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար այս պատժի կիրառումը հակասում է միջազգային իրավունքին։

  • Կիսվել: