հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շվեյցարիայի խորհրդարանում քվեարկություն է կայացել Զելենսկիի ելույթը թույլ տալու կամ մերժելու շուրջ

Շվեյցարիայի խորհրդարանում քվեարկություն է կայացել Զելենսկիի ելույթը թույլ տալու կամ մերժելու շուրջ

Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (ՇԺԿ), որը հանդես է գալիս Շվեյցարիայի չեզոքության խստիվ պահպանման օգտին, այսօր փորձ է արել թույլ չտալ հունիսի 15-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տեսակապով ելույթը  երկրի խորհրդարանում։

Կուսակցությունն այս հարցի շուրջ քվեարկություն է նախաձեռնել Ազգային խորհրդում (խորհրդարանի մեծ պալատ), սակայն ձայների 128-58 հարաբերակցությամբ նրա առաջարկը մերժվել է։

«Վլադիմիր Զելենսկիի ելույթը խորհրդարանում տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի կունենա: Ազգային խորհուրդը 128 դեմ, 58 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժել է ՇԺԿ-ի փորձը՝ վերանայելու այդ որոշումը», - ասված է հաղորդագրության մեջ։

ՇԺԿ-ի պատգամավոր Ալֆրեդ Հեերը նիստում հայտարարել է, որ Զելենսկիի ելույթը թույլ տալով՝ խորհրդարանն «ավելի խոցելի է դարձնում շվեյցարական չեզոքությունը»։ Սակայն Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Սեդրիկ Վերմուտն ի պատասխան մեղադրել է ՇԺԿ-ին՝ ասելով, թե, իբր, այն «գործում է Մոսկվայի օգտին»։

Ուկրաինայի նախագահի՝ հունիսի 15-ին նախատեսված տեսաելույթի մասին երկուշաբթի օրը հայտարարել են խորհրդարանի երկու պալատների՝ Ազգային խորհրդի և Կանտոնների խորհրդի նախագահները։ Համապատասխան հարցումն ավելի վաղ ստացվել էր Բեռնում Ուկրաինայի դեսպանությունից։

Չեզոք կարգավիճակ ունեցող Շվեյցարիան զենք չի մատակարարում Ուկրաինային և արգելում է շվեյցարական արտադրության զենքի վերաարտահանումը հակամարտության գոտիներ։ Մարտի 10-ին կառավարությունը հաստատել է վերաարտահանման արգելքը:

  • Կիսվել: